Բժիշկներ
Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»
![Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել» Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիր ԵՊԲՀ շրջանավարտի խորհուրդը՝ «Երբեք չհանձնվել եվ միշտ սովորել»](up/article/big/file_56288_2345469.jpg)
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Կարինե Սարգսյանը Եվրոպայում ամենամեծ Բիոբանկի հիմնադիրն է, որտեղ կան 20 միլիոնից ավելի նմուշներ: Եվ սա 44-ամյա մանկաբույժի, հետազոտող բժշկի, գիտնականի, դասախոսի, նկարչուհու, դաշնակահարի, փորձառու վարորդի, պրոֆեսիոնալ լողորդի, հմուտ այգեգործի, սիրասուն կնոջ, հոգատար մոր և պարզապես անկեղծ ու դրական մարդու ոչ առաջին և ոչ էլ, վստահաբար կարելի է ասել, վերջին ձեռքբերումն է աշխարհի մասշտաբով:
Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն (12 տարի), այժմ՝ Ավստրիայի Գրացի համալսարանի ռեկտորատում բոլոր գիտահետազոտական, կրթական ծրագրերի և բոլոր Biobanking և Biomarker Research ծրագրերի պատասխանատու Կարինե Սարգսյանը 2017 թվականի նոյեմբերից նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
Կարինե Սարգսյանը նաև Գրացի համալսարանի Միջմշակութային հաղորդակցության և միգրացիայի ծրագրի գիտական փոխտնօրենն է և պրոֆեսոր, «Sargsyan & Hartl OG» կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը (Elite Academy Graz), դասախոս (առողջապահական ոլորտի կառավարում, փոփոխությունների կառավարում, նորարարությունների կառավարում), ինչպես նաև Գրացի բժշկական համալսարանի Բիոբանկի մագիստրոսական ծրագրի գիտական փոխտնօրենը և պրոֆեսոր:
Կարինե Սարգսյանը բժշկական կրթությունը ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով մանկաբուժության ֆակուլտետը: Այնուհետև շարունակել է մասնագիտանալ մանկաբուժության մեջ Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում:
Ասպիրանտական կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի պրակտիկ հոգեբանության ամբիոնում: Գրացի բժշկական համալսարանում ստացել է բժշկական և կլինիկական սնուցման մասնագետի որակավորում, ապա՝ բժշկական գիտությունների դոկտորի կոչում: Մինչ Ավստրիա մեկնելը Կարինե Սարգսյանն աշխատել և իրականացրել է բազում ծրագրեր ՀՀ առողջապահության նախարարության և առողջապահության ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ: 2005 թվականի հունվարին Կարինե Սարգսյանը տեղափոխվեց Ավստրիա: Արդեն Ավստրիայում նա աշխատել է Գրացի համալսարանի մանկաբուժության բաժնում, իսկ 2007 թվականից՝ ստանձնել Գրացի Բիոբանկի տնօրենի պաշտոնը: Որպես մասնագետ աշխատել է նաև Արաբկիր բժշկական կենտրոնի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բժշկական և կլինիկական սնուցման, մետաբոլիկ խանգարումների բաժնում: 2009թ. ստանձնել է Competence Centre K BioPersMed (Biomarkers for Personalised Medicine)-ի գիտական ղեկավարի պաշտոնը:
Կարինե Սարգսյանը պատվավոր պրոֆեսոր է Վիետնամում, դասախոսում է Ռուսաստանում, ՌԴ առողջապահության փոխնախարարի խորհրդականն է, Գերմանիայի գիտության և կրթության փոխնախարարի խորհրդականն է, դասախոսում է Մարոկկոյում, Չինաստանում, Կատարում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ակադեմիայում, համագործակցութան ծրագրեր իրականացնում ԱՄՆ-ում:
Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնցից են 2009թ. շնորհված «Academic Management Award for Biobank Graz» մրցանակը, 2014թ. շնորհված «ESBBs Research Biobank of the Year Competition (RBYC): Biobank of the Year 2014», 2016թ. շնորհված «Healthcare & Life Sciences Awards 2016: Most outstanding academic Biobank» և «International Life Sciences Awards 2016: Best European Academic Biobank» մրցանակները:
Կարինե Սարգսյանը նաև մի շարք մասնագիտական միություների և համալսարանների խորհուրդների անդամ է, հանդիսանում է 50-ից ավելի մասնագիտական հոդվածների, ինչպես նաև գրքերի հեղինակ, որպես կամավոր ակտիվ գործունեություն է ծավալում Գրացի հայկական համայնքում, ինչպես նաև մասնագիտական և ոչ մասնագիտական մի շարք կազմակերպություններում:
Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը: Արդյո՞ք դա Ձեր երազանքն էր:
Ես, որքան ինձ հիշում եմ, ցանկանում էի բժիշկ լինել, ընդ որում՝ անպայման մանկաբույժ: Ես միշտ երազում էի մեծ հայտնագործություններ անել: Ես դեռ փոքր հասակից որոշել էի, որ անպայման որևէ լուրջ միջազգային կազմակերպությունում (WHO, UNICEF) պետք է աշխատեմ, որ ամբողջ աշխարհն առողջանա: Չեմ կարող ասել՝ ինչու: Բայց կարող եմ ասել, որ մայրս ու հայրս մանկավարժ են և բավականին տխրել էին այն պատճառով, որ ես որոշել էի բժիշկ դառնալ (ծիծաղում է – հեղ.): Նրանք ոչինչ դրա դեմ չկարողացան անել: Ես անպայման ուզում էի ինչ-որ բան փոխել բժշկության մեջ: Ուզում էի, որ մարդիկ, որոնք այսօր չեն կարողանում բուժվել, վաղը կարողանան: Այսինքն՝ ուզում էի ոչ թե ուղղակի բուժել մարդկանց, այլ շատերին օգնություն ցույց տալ իմ հայտնագործություններով: Մի փոքր ստացվեց (համեստորեն ժպտում է – հեղ.):
Երազանքներս ժամանակի հետ փոխվել են, բայց բժիշկ դառնալու երազանքս միշտ հստակ է եղել և երբևէ չի փոփոխվել: Դա, երևի, իմ կոնստանտներից մեկն էր: Ինչ աշխատանքով էլ զբաղվեի, միգուցե, հաջողակ լինեի, բայց հոգով հանգիստ լինելն արդեն բոլորովին այլ զգացողություն է:
Ի՞նչ դժվարությունների է բախվում բժիշկն իր աշխատանքի ընթացքում:
Ես անընդհատ բոլորին պատմում եմ, որ բժշկի աշխատանքն ամենադժվար աշխատանքն է: Բժիշկ լինելու համար բավարար չէ միայն լավ անատոմիա, լավ ֆիզիոլոգիա կամ թեկուզ լավ բժշկություն իմանալ: Բժիշկ լինելու համար պետք է լինել նաև հոգեբան, պետք է լինել նաև իրավաբան, վերջին զարգացումների արդյունքում՝ նաև IT մասնագետ: Բացի դրանից, բժիշկ լինելու համար անհրաժեշտ է նաև ցանցային մտածողություն (network thinking), որովհետև, օրինակ, ատամի փոքրիկ աբսցեսից (թարախակույտ) մարդու մոտ կարող է առաջանալ էնդոկարդիտ շատ ծանր հետևանքներով: Եվ բժիշկը պետք է կարողանա տեսնել այդ կապը: Բժիշկը պետք է կարողանա մտածել շատ տարբեր ուղղություններով միաժամանակ, մանավանդ՝ ինչ-որ շտապ միջոցառումների դեպքում կամ, օրինակ, երեխաների հետ, որոնք խոսել չգիտեն և ուղղակի լացում են: Բժշկի աշխատանքի դժվարութուններից է նաև հոգով ներգրավվելը բուժման գործընթացում, որովհետև այդ դեպքում բժշկի հոգուց մի կտոր պակասում է կամ հոգուն մի կտոր ծանրանում է: Ինձ թվում է, որ դա բավականին անձնվեր գործ է, որովհետև ամեն հիվանդի հետ լավանում ես, ամեն հիվանդի հետ, Աստված չանի, մահանում ես, ամեն հիվանդի հետ տանջվում ես: Հենց ադ պատճառով էլ հոգով բժիշկ մարդիկ, ցավոք սրտի, շատ շուտ են ծերանում:
Ի՞նչ առավելություններ ունի բժշկի մասնագիտությունը:
Ինձ թվում է՝ սպիտակ խալաթը բոլորին սազում է (ծիծաղում է – հեղ.), դա շատ լուրջ առավելություն է: Իսկ եթե ավելի լուրջ, նախկինում բժիշկները համարվում էին «սպիտակ խալաթով աստվածներ», մարդիկ բժշկի նկատմամբ խորին ակնածանք ունեին: Այսօր, ցավոք սրտի, այդ առավելությունն այլևս չկա, որովհետև շատ հաճախ բժշկի ասածի ճիշտ կամ սխալ լինելը ստուգվում է համացանցում: Սակայն բժշկի աշխատանքում կա մի խոշոր դրական երևույթ, մանավանդ՝ հետազոտող բժշկի աշխատանքում: Դա այն է, որ դու գիտես, որ կարող ես օգնել, որ եթե թեկուզ ինչ-որ պաթոմեխանիզմ հայտնագործես, դա որոշ մարդկանց կյանքը կհեշտացնի: Միայն այդ գիտակցումը բավականին դրական երևույթ է: Դա, իրոք, առավելություն է, սակայն դա ներքին առավելություն է, ոչ թե արտաքին. դրա շնորհիվ մարդու հոգին խաղաղվում է, մարդը գեղեցկանում է:
Բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի եք արժանացել. ո՞րը կառանձնացնեիք որպես լուրջ ձեռքբերում Ձեզ համար:
Եթե գումարենք իմ շահած բոլոր գրանտները, երևի մոտավորապես 150 միլիոն եվրոյի չափով գրանտ եմ ստացել: Բայց ամենակարևոր ձեռքբերումս ԵՊԲՀ-ի հետ միասին Գենետիկայի ամբիոնում Բիոբանկի ստեղծումն էր ԵՄ Twinning ծրագրի միջոցով: Այո, շատ մրցանակներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր եմ ստացել, բայց ամենաշատը ուրախացել էի այն հանգամանքից, որ Երևանում իմ մասին հիշել են ու պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհել: Ես այնքան էի ուրախացել այդ փաստից, որ բոլորին պատմում էի, այդ մասին մեր տանը նույնիսկ բաժակաճառ են ասել: Համալսարանի հետ իմ կապը բավականին երկար ժամանակ կտրվել էր, բայց երբ վերականգնվեց շատ դրական մի ծրագրով, շատ ուրախ էի: Հիմա արդեն մշտական կապի մեջ ենք:
Իսկ համալսարանական կուրսընկերների հետ կապ պահպանում ե՞ք:
Իհարկե, ինչքան Հայաստան եմ գալիս, միշտ քեֆ ենք անում միասին: Վերջերս իմ ընկերուհիներից երկուսը՝ արդեն բժշկուհիներ, գիտությունների թեկնածուներ, եկել էին Եվրոպա, մենք հանդիպեցինք, երկար զրուցեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրինք: Կուրսընկերներիցս մեկն էլ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենն է՝ Վահագն Մկրտչյանը, որի հետ նույնպես ակտիվ շփումը պահպանվում է: Ես նույնիսկ համապատասխան բժշկական սարքավորումներ եմ ուղարկել բժշկական կենտրոնին, որոնց կարիքը կար:
Համալսարանական տարիներից ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք:
Համալսարանում սովորելուն զուգահեռ ես աշխատում էի: Այնպես էր ստացվել, որ իմ աշխատանքը համընկել էր մանկաբուժության դասընթացի հետ, և ես բավականին շատ բացակայություններ ունեի: Ես խնդրեցի իմ դասախոս Սերգեյ Գերասիմովիչին (Սերգեյ Սարգսյան՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբույժ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 2 ամբիոնի բժիշկ) հարցման միջոցով շտկել իմ բացակայությունները, որպեսզի կարողանամ վերջում քննությունը հանձնել: Նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ դու կարող ես սովորել այդքան բաց թողնված դասերը, բայց կարող ես վաղը գալ»: Ես պատասխանեցի. «Հիմա էլ կարող եմ հանձնել»: Եվ նստեցի՝ դասախոսի հարցերին պատասխանելու: Վերջինիս բոլոր հարցերին ես պատասխանում էի, իսկ նա նյարդայնանում էր դրանից: Արդարության համար պետք է նշեմ, որ այսօր Սերգեյ Գերասիմովիչը և իր կինը իմ լավագույն ընկերներից են, և ես նրանց շատ եմ սիրում: Այն ժամանակ, սակայն, նրան թվացել էր, թե ես լուրջ չեմ մոտենում ուսմանը, խելք չունեմ, որովհետև դասերից մեկի ժամանակ ես նրա ծաղրանկարն էի նկարել, նա տեսել էր ու զայրացել: Բայց երբ հասկացավ, որ ես իր բոլոր հարցերին պատասխանել եմ, ասաց. «Այս խելքը պատասխանատվություն է, աղջի՛կ ջան»: Այդ խոսքն իմ մեջ շատ է տպավորվել. իրոք, շատ կարևոր է պատասխանատու լինել խելքի համար: Դա ես երբեք չեմ մոռանա:
Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքը որպես մանկաբույժ:
Որպես մանկաբույժ ես այլևս, ցավոք սրտի, չեմ աշխատում: Մեր տանն էի մի քիչ մանկաբուժություն անում, բայց աղջիկս արդեն 19 տարեկան է, և մանկաբույժի կարիք մեր տանն արդեն չկա: Ես նախընտրեցի զբաղվել գիտահետազոտական աշխատանքով, որովհետև այդ կերպ 10 հիվանդի նայելու և բուժելու փոխարեն նույն ժամանակահատվածում ես 10.000 հիվանդի կբուժեմ: Եվ հենց այդ գաղափարն ինձ առաջնորդեց ավելի շատ դեպի գիտահետազոտական բժշկական աշխատանքը:
Չնայած նրան, որ ես շատ եմ սիրում դասախոսել, սիրում եմ զբաղվել գենետիկայով, նույնիսկ՝ երբեմն քաղաքականությամբ, բայց երբ տեսնում եմ որևէ փոքրիկի և հասկանում եմ, որ կարող եմ անմիջապես տալ նրա դիագնոզը, շատ եմ ուրախանում: Ինձ թվում է՝ մարդու մասնագիտությունն իրեն պետք է ժպիտ պարգևի:
Կպատմե՞ք մի փոքր Ձեր ընտանիքի մասին:
Ամուսինս մասնագիտությամբ ինժեներ է, ընդ որում՝ տաղանդավոր ինժեներ, ու փառք Աստծո, բժիշկ չէ: Հակառակ դեպքում՝ մրցակցությունը մեծ կլիներ. նա շատ խելացի է (ծիծաղում է – հեղ.): Ավստրիայում ինժեներների շատ մեծ կարիք կար, իսկ ամուսինս շատ արագ է նոր լեզու սովորում. նա արագ յուրացրեց գերմաներենը և շատ արագ աշխատանք գտավ Ավստրիայում: Բայց մեր 19-ամյա աղջիկը երևի ամենայուրահատուկն էր. երբ մենք եկանք Ավստրիա, նա դեռ 4 տարեկան էր, բայց համալսարանական մանկապարտեզում հասցրեց շատ արագ՝ 2 շաբաթում, սովորել գերմաներեն և ազատ շփվել իր հասակակիցների հետ: Տնօրենը նույնիսկ մեզ կանչել էր՝ հատուկ ծանոթանալու: Շատ հարմոնիկ ու շատ խելացի, բարձր IQ-ով աղջիկ ունեմ, հայրիկին է նման, ոչ՝ ինձ: Մեր ընտանիքում շուն և կատու էլ ունենք, նրանց երկուսին էլ վերցրել ենք կենդանիների ապաստանից, այսինքն՝ փաստացի մենք իրենց փրկել ենք:
Հասցնում ե՞ք հանգստանալ: Ի՞նչ հոբբի ունեք:
Կա ակտիվ հանգիստ, և կա պասիվ հանգիստ: Ակտիվ հանգիստն ինձ համար կարդալն է: Ես սարսափելի արագ եմ կարդում, մյուս կողմից, իմ կարդացածից հետո այնքան հարցեր են առաջանում մոտս, որ դա վերածվում է ակտիվ հանգստի: Հանգստանում եմ, երբ ընտանիքիս անդամների հետ տարբեր ինտելեկտուալ խաղեր ենք խաղում, օրինակ` «Escape the room» (երբ քեզ փակում են սենյակում, ու դու պիտի հանելուկներ ու ռեբուսներ լուծես, որպեսզի կարողանաս այդ տարածքից դուրս գալ): Այդպիսի հոբբի ունենք մենք երեքով: Հիմա, քանի որ տանը փակված ենք, ամուսինս ու աղջիկս իմ ծննդյան օրը նվիրեցին այդ խաղի օնլայն տարբերակը, և մենք էլի ռեկորդներ գրանցեցինք:
Ես ծով եմ սիրում շատ: Մեծ այգի ունեմ, որտեղ 30-ից ավելի տեսակի վարդեր են աճում, հենց այդ այգում իմ ուղեղը հանգստանում է: Ինձ թվում է՝ որպեսզի մարդու քիթը շատ չբարձրանա, այն պետք է դեպի հողն ուղղված լինի: Մեր այգում աճեցնում ենք նաև վիտամիններով հարուստ բանջարեղեն՝ բողկ, հազար, լոլիկ, գազար, նույնիսկ՝ Հայաստանից բերված դեղձ, թութ:
Հայաստանի հետ կապված ի՞նչն եք կարոտում:
Անմիջական շփումը, սեղանի շուրջ անկեղծ ուրախությունը: Այստեղ այդ ամենը շատ պակասում է: Հայկական էներգիան բոլորովին այլ է: Այստեղ, իհարկե, կա հայկական համայնք, եկեղեցական համայնքի նախագահն էլ ամուսինս է: Մենք նույնիսկ բազմաթիվ հայկական բարեգործական համերգներ ենք կազմակերպել. այստեղ հրաշալի հայ երաժիշտներ կան, իսկ հասույթն ուղարկել ենք Վանաձորի մանկատանը:
Անդրադառնանք կորոնավիրուսին. ըստ Ձեզ՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչպե՞ս պետք է ճիշտ պայքարել դրա դեմ:
Դա էլեմենտար վիրուս է, ուղղակի դրա վարակելիության մակարդակը շատ բարձր է, այն իրենից որևէ յուրահատուկ բան չի ներկայացնում: Մյուս կողմից, վիրուսի դեմ պայքարի համար պետք է անել այն, ինչ ես ԵՊԲՀ-ում անցել եմ դեռ 4-րդ կուրսում՝ համաճարակաբանության դասերին: Ընդամենը պետք է ստանդարտ գրքային մոտեցում, պետք է անել այն, ինչ գրված է դասագրքերում: Ավստրիայոմ հենց այդպես էլ վարվեցին: Սակայն շատ կարևոր է նաև մարդկանց մոտեցումը: Օրինակ՝ եթե Ավստրիայում ինչ-որ բան ասվում է, դա արվում է անպայման: Այստեղ վարակվածների մեծ տոկոսը կազմում են մարդիկ, որոնք հակահամաճարակային կանոնները չեն պահպանել: Իսկ Ավստրիայի ժողովուրդը շատ օրինապահ է, օրինակ՝ կարելի է մեքենան դռնբաց թողնել փողոցում և հաջորդ օրն առավոտյան նույնությամբ գտնել այն:
Չեմ կարծում, որ ինչ-որ յուրահատուկ բան էր պետք անել, պետք էր ընդամենը գրքայինը դարձնել իրականություն: Այսինքն՝ անմիջապես փակել սահմանները, մեկուսանալ, կրել դիմակներ: Ավստրիայում այդ կաննոններն այնպես պահպանեցին, որ դիմակների պարտադրանք այս երկրում արդեն չկա: Պետք է լինի այն գիտակցությունը, որ յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել իր շրջապատի մարդկանց, բոլոր նրանց, ում սիրում է: Պետք է ունենալ այդ հարգանքը, որովհետև այդ վիրուսը շատ ծանր է ազդում տարեց մարդկանց վրա, որոնք հիմնականում ունեն ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հաշվի առնելով Ձեր հարուստ փորձը՝ ի՞նչ խորհուրդ կտաք ապագա բժիշկներին:
Երկու խորհուրդ ունեմ. առաջինն իմ կյանքի կարգախոսն է՝ «Երբեք մի հանձնվիր (Never give up)», մանավանդ, եթե մարդու կյանքի հետ գործ ունես, պայքարիր մինչև վերջին վայրկյանը, մինչև վերջին պահը: Եվ երկրորդը՝ «Սովորել, սովորել սովորել». չկա մարդ, որ ամեն ինչ գիտի. բժիշկն անընդհատ պետք է զբաղված լինի ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ, հետևի նորամուծություններին, անընդհատ լսի և հետևի իրեն նախորդող և ժամանակակից բժիշկներին, որովհետև, կարծում եմ, շատ բաներ կարելի է սովորել թե Հերացուց, թե Իբն Սինայից, մյուս կողմից՝ շատ կարևոր է նաև արհեստական բանականության դերը բժշկության մեջ:
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ](up/article/small/file_64234_509905.jpg)
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2) ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)](up/article/small/file_64224_3124947.png)
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
![](images/calendar.png)
![Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը](up/article/small/file_24751_7455005.jpg)
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները](up/article/small/file_63822_6538336.jpg)
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
![](images/calendar.png)
![Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան](up/article/small/file_22504_405912.jpg)
Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին](up/article/small/file_62971_7339423.jpg)
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
![](images/calendar.png)
![«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62927_3476849.jpg)
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով](up/article/small/file_62765_4254548.jpg)
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև](up/article/small/file_62624_4318453.jpg)
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան](up/article/small/file_62204_1679327.jpg)
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը](up/article/small/file_61716_4300943.jpg)
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
![](images/calendar.png)
![Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը](up/article/small/file_61458_8669166.jpg)
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը](up/article/small/file_61215_6905161.jpg)
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
![](images/calendar.png)
![Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան](up/article/small/file_60660_2290745.jpg)
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
![](images/calendar.png)
![Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ](up/article/small/file_60429_8424755.jpg)
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն